ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ջո Բայդենի ելութը Անվտանգության հարցերով 2021-ի Մյունխենի վիրտուալ կոնֆերանսում

Ջո Բայդենի ելութը Անվտանգության հարցերով 2021-ի Մյունխենի վիրտուալ կոնֆերանսում
21.02.2021 | 12:10

Ես ուրախ եմ այստեղ լինել Անգելայի ու Էմանուելի հետ: Մենք առավոտը՝ ինչպես մեզ մոտ՝ Վաշինգտոնում է, անցկացրել ենք միասին: Ես ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել Մյունխենի կոնֆերանսի հատուկ նիստ անցկացնելու համար:


... Այսօր ես հանդես եմ գալիս իբրև ԱՄՆ նախագահ՝ պաշտոնս ստանձնելու սկզբին և հայտարարում եմ՝ Ամերիկան վերադարձել է: Տրանսատլանտյան ալյանսը վերադարձել է: Մենք հետ չենք նայում, մենք բոլորս միասին առաջ ենք նայում: Տրանսատլանտյան ալյանսը ամուր հիմք է, որի վրա կառուցվում է մեր հավաքական անվտանգությունը և մեր ընդհանուր բարեկեցությունը: Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործընկերությունը, իմ կարծիքով, հիմնաքարն է այն ամենի, ինչին մենք հույս ունենք հասնել 21-րդ դարում, ինչպես 20-րդ դարում էր: Խնդիրները, որոնց բախվում ենք այսօր, տարբերվում են: Մեզ համար շրջադարձային պահ է: Այն ժամանակներից, երբ ես ձեր առաջ ելույթ էի ունենում իբրև սենատոր ու նույնիսկ փոխնախագահ, գլոբալ դինամիկան փոխվել է: Մեր ուշադրությունն են պահանջում նոր ճգնաժամեր: Եվ մենք չենք կարող հիմնական ուշադրությունը դարձնել միայն երկրների միջև մրցակցային պայքարին, որ սպառնում են կիսել աշխարհը, կամ միայն գլոբալ մարտահրավերներին, որ սպառնում են կործանել մեզ բոլորիս միասին, եթե մենք չհամագործակցենք: Մենք պետք է զբաղվենք և մեկով, և մյուսով՝՝ներդաշնակ աշխատելով մեր դաշնակիցների ու գործընկերների հետ: Այդ պատճառով ես ուզում եմ ցրել բոլոր կասկածները՝ ԱՄՆ-ը սերտ համագործակցելու է մեր ԵՄ գործընկերների և Եվրոպայի երկրների հետ՝ Հռոմից՝ Ռիգա, լուծելու ընդհանուր խնդիրներ, որոնց բախվում ենք: Մենք նախկինի պես աջակցում ենք միասնական, ազատ և խաղաղ Եվրոպա ստեղծելու նպատակին: ԱՄՆ-ը լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին և ես հաճույքով նշում եմ, որ Եվրոպան մեծացնում է իր ներդրումները ռազմական ներուժի մեջ, որ ապահովում է մեր ընդհանուր պաշտպանությունը: Ինձ համար, ԱՄՆ-ի համար, մեզ համար՝ մենք պահպանելու ենք 5-րդ հոդվածը, որ մեր երաշխիքն է: Հարձակումը մեկի վրա՝ հարձակում է բոլորի վրա: Դա մեր աներեր երդումն է: 5-րդ հոդվածը կիրառվել է միայն մեկ անգամ՝ երբ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչություն կատարվեց: Դուք՝ մեր դաշնակիցները, միացաք Ալ Կայիդայի դեմ մեր պայքարին. և ԱՄՆ-ը պարտավորվեց սերտ համագործակցել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների հետ Աֆղանստանում մեր հետագա գործողություններում: Իմ վարչակազմը վճռականորեն աջակցություն է հայտնում դիվանագիտական գործընթացին, որ ցանկանում է վերջ դնել 20 տարի տևող պատերազմին: Մենք ձգտում ենք, որ Աֆղանստանում այլևս երբեք չլինեն ռազմաբազաներ ԱՄՆ-ի, մեր գոծընկերների ու շահերի դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու համար:
Մեր եվրոպացի գործընկերները աջակցել են մեզ ԻՊ-ի դեմ պայքարում: Միայն այս շաբաթ ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարները հավանություն տվեցին առաքելության նկատելի ընդլայնմանը ուսումնական նախապատրաստության և խորհրդատվության համար Իրաքում, որ ունենալու է կենսական կարևոր նշանակություն ԻՊ-ի դեմ շարունակվող պայքարում: Մենք չենք կարող թույլ տալ, որ ԻՊ-ը վերածնվի, վերականգնի իր ուժերը և նորից սկսի սպառնալ մարդկանց Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում:


Քանի դեռ ԱՄՆ-ը մանրամասն վերլուծում է իր սեփական ուժերի դասավորությունը ամբողջ աշխարհում, ես հրամայել եմ կասեցնել ամերիկյան զորքերի դուրսբերումը Գերմնանիայից: Ես հանել եմ նախորդ վարչակազմի սահմանափակումները Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքի թվից: Ես գիտեմ, որ վերջին մի քանի տարում տրանսատլանտյան հարաբերությունները լարված էին և փորձությունների են ենթարկվել, ԱՄՆ-ը լի է Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելու վճռականությամբ, փոխգործակցելու ձեզ հետ, վերադարձնելու առաջնորդի մեր դերը: Այսօր ավելի վաղ ես մասնակցել եմ G7-ի ղեկավարների առաջին հանդիպմանը, որտեղ խոսել եմ COVID-19-ի, գլոբալ տնտեսական ճգնաժամի, կլիմայի արագացող ճգնաժամի դեմ պայքարում և շատ այլ հարցերում բազմակողմ գործողությունները համակարգելու սուր անհրաժեշտության մասին: Այդ նպատակների ձեռքբերումը կախված է առանցքային ռազմավարական խնդրից՝ ԱՄՆ-ը պետք է վերականգնի Ամերիկայի աներեր գերակայությունը, որպեսզի մենք կարողանանք պատասխանել այսօրվա մարտահրավերներին ուժի դիրքերից: Դա նշանակում է մեր տնտեսական հիմքերի ամրապնդում, միջազգային ինստիտուտներում մեր դերի վերականգնում, մեր արժեքների պանծացում մեր երկրում և պաշտպանություն ամբողջ աշխարհում, մեր ռազմական ներուժի նորացում՝ դիվանագիտության մեջ միաժամանակյա առաջնորդությամբ, ալյանսների ու գործընկերությունների ամերիկյան ցանցի վերականգնում, որի շնորհիվ մեր աշխարհն ավելի անվտանգ էր դարձել բոլոր մարդկանց համար: Ես հույս ունեմ, որ մեր գործընկեր դեմոկրատները կմիանան մեզ այդ կարևոր աշխատանքում: Մեր գործընկերային հարաբերությունները բազմամյա փորձություններ են անցել ու ամրապնդվել են, որովհետև հիմնված են մեր համընդհանուր դեմոկրատական արժեքների հարստության վրա: Նրանք տրանզակցիոն չեն: Նրանք հիմնված չեն օգուտ քաղելու վրա: Նրանք կառուցված են ապագայի տեսլականի վրա, որտեղ յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի, որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են և գործում է օրենքի գերակայությունը:


Մեզնից ոչ մեկին չի հաջողվել դրան ամբողջությամբ հասնել՝ ոչ մեկին չի հաջողվել լիովին ձևավորել այդ ռազմակավարական հայեցակարգը; Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Եվ շատ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ժողովրդավարական առաջընթացը սպառնալիքի տակ է: Ձեզնից շատերին ես շատ վաղուց եմ ճանաչում, և դուք գիտեք՝ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ուստի թույլ տվեք անկեղծ լինել բոլորիդ հետ՝ մենք գտնվում ենք ապագայի ու մեր աշխարհի զարգացման ուղղությունների հիմնարար բանավեճերի մեջ: Մեզ համար շրջադարձային պահ է՝ նրանց միջև, ովքեր հաստատում են, որ բոլոր խնդիրների հետ, որոնց բախվում ենք՝ արդյունաբերական չորրորդ հեղափոխությունից մինչև գլոբալ պանդեմիա, որ ավտոկրատիան զարգացման լավագույն ճանապարհն է, և նրանց միջև, ովքեր հասկանում են, որ անհրաժեշտ է ժողովրդավարություն, անհրաժեշտ է այդ խնդիրների լուծման համար: Պատմաբանները ուսումնասիրելու են այս ժամանակը և գրելու են իբրև շրջադարձային պահի մասին: Ես ամբողջ էությամբ հավատում եմ, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի: Մենք պետք է ցույց տանք, որ ժողովրդավարությունը դեռ կարող է օգուտ բերել մեր ժողովրդին այս փոփոխված աշխարհում: Դա է մեր միավորող դերը: Ժողովրդավարությունը պատահական չի ծագում: Մենք պետք է պաշտպանենք ու պայքարենք, ամրապնդենք, նորացնենք մեր ժողովրդավարությունը: Մենք պետք է ապացուցենք, որ մեր մոդելը մեր անցյալի մնացուկ չէ՝ ապագայի մեր հույսերը վերականգնելու միակ լավագույն միջոցն է: Եվ եթե մենք փոխգործակցենք մեր դեմոկրատ գործընկերների հետ, կլուծենք մեր բոլոր խնդիրները և առաջ կանցնենք բոլոր հակառակորդներից:


Մենք պետք է պատրաստվենք երկարատև ռազմավարական մրցակցության Չինաստանի հետ: Կարևոր հետևանքներ ունեցող մեր ամենանշանակալից գործողություններից մեկը կլինի՝ ինչպես են ԱՄՆ-ը, Եվրոպան և Ասիան գործակցելու, որ ապահովեն խաղաղություն և պաշտպանեն մեր ընդհանուր արժեքները ամբողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մրցակցությունը Չինաստանի հետ կոշտ է լինելու: Ես դա ողջունում եմ, որովհետև հավատում եմ գլոբալ համակարգին, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր դաշնակիցների հետ ջանադիր ստեղծել ենք 70 տարի: Մենք կարող ենք գերիշխել այդ մրցավազքում և ապագայում, բայց դրա համար պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ինչ սկզբնական ներդրումներ ու գործընկերային հարաբերություններ են մեզ պետք: Մենք պետք է պաշտպանենք իննովացիաների, ինտելեկտուալ սեփականության ու ստեղծագործական հանճարի տարածքը, որ բարգավաճում է շնորհիվ գաղափարների ազատ փոխանակման ժողովրդավարական բաց հասարակություններում: Մենք պետք է այնպես անենք, որ տնտեսական աճի շնորհիվ ստացված բարիքները բաշխվեն արդար ու ամենուր, այլ ոչ թե հատկացվեն ոմանց: Մենք պետք է հակադարձենք Չինաստանի կառավարության չարաշահումներին և կիրառած պարտադանքի մարտավարությանը, որ խարխլում է միջազգային տնտեսական համակարգի հիմքերը: Բոլորը պետք է գործեն միևնույն կանոններով: Ամերիկյան և եվրոպական ընկերությունը պարտավոր են հրապարակային դարձնել կորպորատիվ կառավարման տեղեկատվությունը՝ կորպորատիվ կառավարման կառույցների համար և պահպանեն կանոնները, որ զսպում են կոռուպցիան և մոնոպոլիստական պրակտիկան: Նույն ստանդարտին պետք է հետևեն չինական ընկերությունները: Մենք պետք է ձևավորենք կանոններ, որ կարգավորում են տեխնոլոգիաների զարգացումը և վարքագծի նորմերը կիբեռտարածքում, արհեստական ինտելեկտի ու կենսատեխնոլոգիաների, որ նրանք օգտագործվեն ի բարօրություն մարդկանց, ոչ թե նրանց ճնշման համար: Մենք պետք է պահպանենք ժողովրդավարական արժեքները, որ թույլ են տալիս հասնել այս ամենին՝ դիմակայելով նրանց, ովքեր կողմ են մոնոպոլիստական պրակտիկային և ճնշումները նորմա են դարձնում:


Դա վերաբերում է և Ռուսաստանի սպառնալիքի դիմակայմանը: Կրեմլը գրոհում է մեր ժողովրդավարություններին և օգտագործում է կոռուպցիան իբրև գործիք՝ փորձելու խարխլել կառավարման մեր համակարգը: Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ մտածեն, թե մեր համակարգը ավելի կոռումպացված է կամ իրենցի պես կոռումպացված է: Բայց աշխարհը գիտի, որ այդպես չէ, այդ թվում ռուսները՝ Ռուսաստանի քաղաքացիները: Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծը և ՆԱՏՕ-ն: Նա ցանկանում է խարխլել տրանսատլանտյան միասնությունը և մեր վճռականությունը, որովհետև Կրեմլի համար շատ ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետությունների, քան բանակցել ուժեղ ու սերտ միասնություն ունեցող տրանսատլանտյան հանրության հետ: Հենց այդ պատճառով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանությունը առաջվա պես կենսականորեն կարևոր է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար: Հենց այդ պատճառով ամենաթողության դեմ պայքարը՝ Ռուսաստանի ամենաթողության ու ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համակարգչային ցանցի վրա նրա հաքերային հարձակումների, մեր հավաքական անվտանգության կարևորագույն խնդիրն է: Ռուսաստանի հետ կապված խնդիրները կարող են տարբերվել Չինաստանի հետ կապված խնդիրներից, բայց նույնքան ռեալ են: Հարցը Արևելքի հակադրությունը չէ Արևմուտքին: Հարցն այն չէ, որ մենք կոնֆլիկտ ենք ուզում: Մենք ուզում ենք ապագա, որտեղ ժողովուրդները կարող են ազատ ընտրել իրենց սեփական ճանապարհը առանց բռնության կամ պարտադրանքի սպառնալիքի: Մենք չենք կարող և չպետք է վերադառնանք սառը պատերազմի ռեֆլեքսիվ հակադարձմանը և կոշտ արգելքներին:


Մրցակցային պայքարը չպետք է խոչընդոտի համագործակցությանը բոլորիս վերաբերող հարցերում: Մենք պետք է համագործակցենք, եթե ուզում ենք հաղթել COVID-19-ի պանդեմիային ամբողջ աշխարհում: Ազգային անվտանգության հարցերով նախագահական իմ առաջին հուշագիրը նվիրված էր առողջապահության միջոցառումների ակտիվացմանը և մարդասիրական օգնությանը COVID-19-ի պանդեմիայի դեմ պայքարում, նաև՝ կանխարգելման միջոցների կատարեագործմանը և նախապատրաստմանը հաջորդ պանդեմիաներին:


Այսօր ես հայտարարում եմ, որ ԱԱՄՆ-ը պարտավորվում է 2 միլիարդ դոլար հատկացնել ԱՀԿ-ի COVAX ծրագրին, խոստանում եմ ևս 2 միլիարդ հատկացնել, որ համոզեմ այլ երկրների նույնը անել: Բայց նույնիսկ հիմա, երբ մենք պայքարում ենք, որ այդ պանդեմիայի ճիրաններից դուրս գանք, Աֆրիկայում էբոլայի նոր բռնկումները հիշեցնում են, որ մենք պետք է միաժամանակ աշխատենք, որ ապահովենք սանիտարահամաճարակային անվտանգության ֆինանսավորումը, ամրապնդենք առողջապահության համաշխարհային համակարգերը և ստեղծենք վաղ կանխարգելման, բացահայտման ու արձագանքման համակարգեր ապագա կենսաբանական սպառնալիքներից, որ ծագելու են հետո էլ: Մենք պետք է գործակցենք ԱՀԿ-ի ամրապնդման ու բարեփոխման համար: Մեզ պետք է, որ ՄԱԿ-ում լինի կենսաբանական սպառնալիքների դեմ արագ արձագանքման համակարգ:


Մենք այլևս չենք կարող հետաձգել կլիմայի փոփոխությունների խնդրի լուծումը: Դա գլոբալ էքզստենցիալ ճգնաժամ է, և մենք բոլորս տուժելու ենք հետևանքներից, եթե այդ խնդիրը չլուծենք: Մենք պետք է անհապաղ ակտիվացնենք արտանետումները կրճատելու մեր պարտավորության կատարումը, պահանջենք իրարից հասնել դրված նպատակներին և արտանետումների կրճատման նոր նպատակներ դնել: Այդ պատճառով ես իբրև նախագահ անհապաղ վերականգնեցի ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի համաձայնագրին և այսօրվանից ԱՄՆ-ը պաշտոնապես Փարիզի համաձայնագրի անդամ է:


Հողի օրը ես կանցկացնեմ պետությունների ղեկավարների սամիթ՝ օգնելու այն երկրներին, որոնց բաժին են ընկնում ամենաշատ արտանետումները, ակտիվացնելու արտանետումների կրճատման գործողությունները, ստանձնելու բարձր պարտավորություններ՝ ներառյալ ԱՄՆ-ում կլիմատիկ խնդիրների լուծումը: Ես շնորհակալ եմ Եվրոպային վերջին 4 տարում կլիմատիկ խնդիրների լուծման մշտական առաջնորդության համար: Մենք պետք է միասին ներդրումներ անենք տեխնոլոգիական իննովացիաներում, որ թույլ կտան գործարկել մաքուր էներգետիկան ապագայում և ստեղծել լուծումներ մաքուր էներգետիկայի ոլորտում գլոբալ շուկաների համար:


Միջուկային զենքի տարածման սպառնալիքը նույնպես առաջվա նման պահանջում է մտածված դիվանագիտական փոխգործակցություն: Ռազմավարական սխալների ու չհասկացվածության ռսիսկը նվազագույնի հասցնելու համար մեզ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղեկատվական փոխգործակցություն: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ը և Ռուսաստանը, չնայած այլ ոլորտներում մրցակցությանը, երկարացրին СНВ-3 պայմանագիրը ևս 5 տարով՝ հենց ես անցա պաշտոնական պարտականություններիս կատարմանը: Հենց այդ պատճառով մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք վերսկսել բանակցությունները 5+1 խմբի հետ Իրանի միջուկային ծրագրով: Մենք պետք է զբաղվենք Իրանի ապակայունացման գործունեության խնդրով Մերձավոր Արևելքում, և մենք աշխատելու ենք մեր եվրոպացի և այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:


Մենք գործակցելու ենք նաև տրոհված և ռադիոակտիվ նյութերի արգելքի հարցում, որ թույլ չտանք դրանց ձեռքբերումը կամ օգտագործումը ահաբեկչական խմբավորումների կողմից: Խնդիրների շրջանակը, որ միասին պետք է լուծեն Եվրոպան և ԱՄՆ-ը, լայն ու բարդ է: Եվ ես ուզում եմ լսել ինչ կասեն մեր լավ բարեկամները և նշանավոր ղեկավարները, կանցլեր Մերկելը, թե ինչ են մըածում մեր համատեղ գործողությունների ապագայի մասին:
Իբրև եզրափակում՝ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր անվստահությունը խանգարի միմյանց կամ մնացած աշխարհի հետ գործակցել: Վերջին 4 տարիները շատ բարդ էին: Բայց Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է նորից վստահորեն իրենց հետևից տանեն, հավատով մեր հնարավորությունների նկատմամբ, մեր սեփական նորացման պատրաստակամությամբ, միմյանց վստահելով, համոզված, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը կարող են պատասխանել ցանկացած մարտահրավերի, որ ապահովեն մեր համատեղ ապագան: Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, մենք նախկինում դա արել ենք:


…Մենք ձեզ աջակցելու ենք: Մենք պայքարելու ենք մեր ընդհանուր արժեքների համար: Մենք ընդունում ենք նոր պատմական պահի մարտահրավերը: Ամերիկան վերադարձել է: Եկեք միավորվենք և մեր ծոռների ծոռներին ցույց տանք, երբ մեր մասին կկարդան, որ ժողովրդավարությունը գործում է և աշխատունակ է, և մենք միասին ամեն ինչ կարող ենք: Եկեք աշխատենք:
White House


Հ.Գ. Ի՞նչ է վկայում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի միջազգային ասպարեզում առաջին ելույթը.
1. Պաշտոնավարման մեկ ամսում ՋոԲայդենի աշխատակազմը դեռ ընդամենը հասցրել է անհետաձգելի գործերն անել՝ վերականգնել ԱՄՆ-ը մասնակցությունը այն պայմանագրերում, որոնցից դուրս էր եկել Դոնալդ Թրամփը և որոնց գործողության ժամկետը լրանում էր:
2. Գլոբալ առումով՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում փոխել քաղաքականությունը Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ, ընտրելով կոնկրետ հարցերում գործակցությունը, պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահի ելույթն անվանել է ՙագրեսիվ, ապակառուցողական, անընդունելի՚:
3. Հազիվ թե Ջո Բայդենի նախագահության տարիներին փոխվեն ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, եթե չլինի վճռական շրջադարձ՝ նրանք շարունակելու են միմյանց մեջ թշնամի ու սպառնալիք տեսնել: Դա բխում է նաև Արևմուտքի ու Ռուսաստանի ռազմարդյունաբերության համալիրների շահերից:
4. ԱՄՆ-ը վերականգնում է Եվրոպայի հետ հարաբերությունները ողջ ծավալով, բայց հարց է՝ իսկ ցանկանու՞մ է Եվրոպան ԱՄՆ-ի գերակայությունը: Չի բացառվում, որ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները շարունակեն խնդրահարույց մնալ, հաշվի առնելով Եվրոպայում պոպուլիստական ու ազգայնական շարժումների իշխանության գալը:
5. ԱՄՆ-ը նոր վարչակարգը դեռ չունի արտաքին քաղաքականության իր հայեցակարգը մյուս տարածաշրջանների նկատմամբ՝ Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Միջին Ասիայի: Բացահայտորեն Բայդենը շրջանցել է կոնֆլիկտները, ոչ թե սպառնալիք չհամարելով, այլ՝ պատրաստ չլինելով ԱՄՆ-ը տեսակետը ներկայացնել:
6. ԱՄՆ Պետդեպարտամենտի և նախագահի ուշադրությունից չի կարող դուրս մնալ ոչ միայն իրենց դաշնակիցների անհամարժեք գործողությունները, այլև այդ գործողությունների հետևանքով ԱՄՆ-ի հեղինակությանը և շահերին հասցված վնասը: Այդ շրջագծում ԱՄՆ-ը պետք է առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների նոր հայեցակարգ ունենա ու այդ պետությունների շարքը շատ երկար է: Միայն մեր տարածաշրջանում՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, փաստացի բոլոր պետությունների հետ առանձին ԱՄՆ-ը պետք է ունենա իր քաղաքականությունը, որը չի հակասում ընդհանուր քաղաքականությանը: ԵՄ-ից բացի՝ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր քաղաքականությունը միջազգային կառույցների նկատմամբ, որոնց հետ հասցրել էր հարաբերությունները կասեցնել կամ փչացնել Դոնալդ Թրամփը:
7. Ամբողջ հարցը ժամանակն է՝ ե՞րբ, ի՞նչ առաջնահերթությամբ, որտեղի՞ց կսկսի ԱՄՆ նոր նախագահը իր վերադարձի քաղաքականությունը: Անվտանգության հարցերով Մյունխենի միջազգային համաժողովը, այն էլ առցանց ձևաչափով, այն հարթակը չէր, որ այս բոլոր հարցերին Բայդենը պատասխաներ, բայց նա նույնիսկ չի ուրվագծել ԱՄՆ ռեալ քաղաքականությունը՝ շեշտը դնելով ընդհանուր արժեքների պաշտպանության և ԱՄՆ-ի վերադարձի գաղափարները: Այսքան դանդաղ աշխատանքը կարող է նաև ցեյտնոտ առաջացնել նախագահության վերջնամասում, երբ վերընտրության խնդիր լուծող ուժը կամ անձը դառնում է կամ պոպուլիստ, կամ խիստ հաշտարար, կամ խիստ ագրեսիվ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 171537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ